«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։
Առաջիկայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանն անդրադառնալով՝ Միսկարյանը նշեց․
«Առաջին օրակարգային հարցերից մեկը կլինի երկաթուղու հարցը, զուգահեռ, կլինեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները՝ Լարսի թեման, կլինի ՀԱՊԿ-ի թեման, կարծում եմ՝ ռուսական ռազմաբազայի թեման էլ կլինի։ Եթե այդքանը լինի, բավական հագեցած օրակարգ կլինի։ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը կամ ԵԱՏՄ-ի ապագան ուղիղ քննարկման առարկա դժվար թե դառնան»։
Միսկարյանի խոսքով՝ Հայաստանն առաջիկայում շուտով եվրոինտեգրման թեմա չի կարող բացել։
«Ռուսաստանի համար ԵՄ-ին անդամակցության գործընթացը շատ լուրջ սպառնալիք է, որովհետև դա կնշանակի անդառնալիորեն կորցնել Հայաստանը և, գուցե, նաև Հարավային Կովկասը։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ իրենց ուժերի սահմանում, դա թույլ չտալու համար։ Այդ առավելագույնի մեջ կարող է լինել համոզելը, կարող է լինել պարտադրելը, կարող են լինել ռազմական գործողություններ, կարող է լինել հեղաշրջման փորձ․ այսինքն՝ իրենք ամեն ինչի պատրաստ են։ Իհարկե, կփորձեն քչով խանգարել դրան, որովհետև առանց այն էլ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ հանրային տրամադրությունները լավը չեն»։
Միսկարյանի խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը չափազանց զգուշավոր է, և դա կարող է եվրոպացի և ամերիկացի գործընկերների մոտ տարակուսանքի առիթ դառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում
