Մի շարք բենզալցակայաններում վերջին օրերին նկատվում է բենզինի՝ շուրջ 30 դրամով գնաճ: Թանկացման պատճառների, առաջիկայում հնարավոր նվազման և հեղուկ գազի գնի փոփոխության հավանականության շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
-Ինչո՞վ է պայմանավորված շուրջ 30 դրամով թանկացումը։
-Այս պահին թանկացումը կարելի է կապել առաջին հերթին նավթի և նավթամթերքի միջազգային շուկայում ստեղծված գնային ճնշումների հետ։ Վերջին շրջանում հատկապես զգալի է Մերձավոր Արևելքի իրավիճակի ազդեցությունը․ Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումները շարունակվում են, բայց շուկան մատակարարումների ռիսկ է գնահատում։ Հայաստանի պարագայում կա նաև մեկ կարևոր հանգամանք․ մենք բենզինի շուկայում գրեթե ամբողջությամբ կախված ենք ներմուծումից, հետևաբար, արտաքին գնի փոփոխությունը բավական արագ փոխանցվում է մանրածախ գնին։ Բայց 30 դրամի թանկացումը միայն միջազգային գնով բացատրելը բավարար չէ։ Պետք է ուսումնասիրել նաև՝ ինչ գնով է ներմուծվել վերջին խմբաքանակը, ինչ փոխարժեքով է կատարվել գործարքը և ինչ մարժայով են իրացնում ընկերությունները։ Այսինքն, եթե միջազգային շուկայում, օրինակ, ինքնարժեքի աճը համարժեք չէ 30 դրամի, ապա պետք է հարց առաջանա նաև տեղական շուկայի գնագոյացման՝ գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ։ Բացի այդ, էական ազդեցություն են թողել Ռուսաստանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակումները։ Ռուսական կողմը որոշակի ժամկետով առհասարակ դադարեցրել էր արտահանումը և սկսել բենզին ու դիզել ներկրել Ղազախաստանից։
-Ե՞րբ կարելի է ակնկալել նվազում։
-Ես այս պահին կոնկրետ ժամկետ չէի կանխատեսի։ Բենզինի գնի նվազումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ նավթի և նավթամթերքի միջազգային գները կայուն նվազեն, իսկ մատակարարման ռիսկերը թուլանան։ Մի կարևոր առանձնահատկություն էլ կա․ Հայաստանում գները սովորաբար բարձրացման ժամանակ ավելի արագ են արձագանքում, իսկ նվազումը կարող է որոշակի ուշացումով փոխանցվել սպառողին։ Ուստի եթե միջազգային շուկայում իրավիճակը կարգավորվի, պետք է հետևել՝ արդյոք այդ նվազումը համարժեք չափով հասնում է հայկական լցակայաններ։ Այս պահին ես ավելի շատ կխոսեի ոչ թե «այսինչ օրից բենզինը կէժանանա», այլ՝ առաջիկա շաբաթներին միջազգային շուկայի զարգացումները որոշիչ կլինեն։
-Իսկ հեղուկ գա՞զը։ Նույնպիսի թանկացում սպասվո՞ւմ է։
-Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է։ Հեղուկ գազի գինը նույնպես կապված է միջազգային շուկայի և ներմուծման արժեքի հետ, բայց դրա գնագոյացումը նույնը չէ, ինչ բենզինինը։ Հետևաբար ես ավտոմատ կերպով չէի կանխատեսի, որ բենզինի 30-դրամանոց թանկացումը նույն չափով կկրկնվի հեղուկ գազի դեպքում։ Միաժամանակ ռիսկ կա․ եթե նավթամթերքի և էներգակիրների միջազգային գների աճը պահպանվի, այն կարող է աստիճանաբար ազդել նաև հեղուկ գազի ինքնարժեքի վրա։ Բայց այստեղ պետք է տարբերակել միջազգային գնի աճը և տեղական շուկայի կոնկրետ գնային քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ՝ այժմ ամենակարևոր ցուցանիշը ոչ թե մեկ-երկու լցակայանում արձանագրված գինն է, այլ ներմուծման իրական ինքնարժեքը և դրա փոփոխությունը։ Եթե այդ տվյալները հրապարակվեն, արդեն հնարավոր կլինի շատ ավելի հստակ ասել՝ 30 դրամի թանկացումը հիմնավորվա՞ծ է, թե՞ շուկայում կա նաև մարժայի ընդլայնման գործոն։
Լիլիթ Աբրահամյան
