Գիտնականները պարզել են, որ Իտալիայի Ապենինյան լեռների տակ Երկրի երկրակեղևում արտասովոր գործընթաց է տեղի ունենում․ դրա ստորին շերտերը աստիճանաբար առանձնանում և խորասուզվում են մանթիայի (Երկրի ներքին կառուցվածքի շերտ է՝ երկրակեղևի և միջուկի միջև) մեջ։ Ֆլորենցիայի համալսարանի գիտնական Ստեֆանո Տավանիի գլխավորած հետազոտողների կարծիքով՝ այս գործընթացը, հայտնի որպես դելամինացիա, կարող է բացատրել, թե ինչու է Ապենինների շրջանում երկրակեղևը միաժամանակ ձգվում և սեղմվում։
Գիտնականները GPS չափումների, երկրաշարժերի տվյալների և արբանյակային դիտարկումների միջոցով հայտնաբերել են, որ Ապենինների տակ գտնվող խորքային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները կապված են այս գործընթացի հետ։ Հետազոտողների խոսքով՝ երկրակեղևի առանձնացման սահմանը աստիճանաբար շարժվում է Իտալիայի տակ՝ դեպի Ադրիատիկ ծով։ Դրա հետևանքով լեռնաշղթայի որոշ հատվածներ բարձրանում են, իսկ մյուսները՝ իջնում։
