ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական սեփականատիրոջը. Կարապետյան – armeniatoday.am

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կվերադառնան իր օրինական սեփականատիրոջը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի վերաբերյալ հարցին։ Կարապետյանի ճեպազրույցի հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-յան ալիքում։

Armenia Today-ը Կարապետյանին հարցրել է հանրային քննարկման ներկայացված նախագծի մասին, որով նախատեսվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ը ճանաչել հանրային գերակա շահ։ Հարցը վերաբերել է նաև բաժնետերերին փոխհատուցում տրամադրելու և նրանց կողմից սեփական առաջարկներ ներկայացնելու հնարավորությանը։

«ՀԷՑ-ի մասով դուք մի համբերեք։ ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել»,- պատասխանել է Կարապետյանը։

Նրա պնդմամբ՝ իշխանություններն արդեն բախվել են ընկերության կառավարման խնդիրների և մասնագետներ են փնտրում, որոնք կկարողանան ստանձնել այդ աշխատանքը։

Armenia Today-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է ՀԷՑ-ն այլ օտարերկրյա ներդրողի վաճառելու սցենարը, Կարապետյանը պատասխանել է, որ դրա համար իշխանությունները նախ պետք է կարողանան վերցնել ընկերությունը։

«Պետք է կարողանան վերցնեն, որ վաճառեն։ Մենք կարող ենք վաճառել, բայց մենք չենք վաճառելու»,- հայտարարել է նա։

Armenia Today-ը նաև հարցրել է իշխանությունների՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը պետության կողմից 23,5 մլրդ դրամով ձեռք բերելու առաջարկի և բանակցությունների ընթացքի մասին։

«ՀԷՑ-ը չի վաճառվում»,- պատասխանել է Կարապետյանը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացին՝ Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները այն հետաձգել են մինչև հաջորդ տարի։

2025-ին Կարապետյանի նկատմամբ գործընթացների և նրան կալանավորելու ֆոնին ՀՀ իշխանությունները նախաձեռնել էին ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ վերցնելու գործընթաց։ Կառավարությունը Կարապետյանների ընտանիքին ընկերության 100% բաժնետոմսերի դիմաց առաջարկել էր 23,3 մլրդ դրամ՝ 10 տարվա ընթացքում ստացած 23,158 մլրդ դրամ շահաբաժինները վերադարձնելու պայմանով, ինչի արդյունքում առաջարկի փաստացի արժեքը կազմել էր շուրջ 142 մլն դրամ։ Կարապետյանները մերժել էին առաջարկը։

Դրանից հետո կառավարությունը նախաձեռնել էր ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը, որի ընդունումից հետո պետք է իրականացվեն ընկերության գնահատումն ու փոխհատուցման գործընթացը։ 

Սեպտեմբերի 9-ին հանրային քննարկման է դրվել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի քննարկումը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը։ Նախագծով բաժնետոմսերի ձեռքբերողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։

Կարդացեք նաև՝


«Գոհ եմ», «անջատումները շատացել են», «նապրիժենի չկա». հարցում՝ հոսանքազրկումների մասին

Leave a Comment