Ներկայիս իշխանությունները գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Տարբեր օտարոտի բառերով մեր ժողովրդին շփոթեցնում են: Իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել, հաջորդ 8 տարին էլ մնան՝ չեն անելու: Ձևը գտել են՝ պարտք են վերցնում, կախում երկրի գլխին. դրանով, միգուցե, «դիվերսիֆիկացնում են», բայց ռեալ ոչ մի բան չկա»,- նշել է նա:
Խոսելով տեղական ապրանքատեսականու ընդլայնման և ներքին շուկայում սպառման մասին՝ Կարապետյանն ընդգծել է, որ դա իրավիճակը մասնակիորեն է մեղմում, սակայն առանց արտահանման տնտեսական աճ հնարավոր չէ։
«Տեղական ապրանքատեսականու ծավալներն ընդլայնելը որոշ չափով լուծում է, բայց երկրի մակրոտնտեսությունը բարելավելու համար շատ կարևոր է արտահանումը: Մենք փոքր շուկա ենք, և ներքին շուկայում ինչ էլ անենք, սահմանափակ է լինելու»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը: