Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական փոփոխություններ նախապատրաստել, որոնցով կվերացվի հաշտության համաձայնագրի դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի 25%-ը սեփականատիրոջը թողնելու հնարավորությունը։ Նա այդ մասին հայտարարել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում, որը հեռարձակել է Armenia Today-ը։
Գործող կարգավորմամբ՝ հաշտության համաձայնագրի դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի 25%-ը կարող է մնալ սեփականատիրոջը, իսկ 75%-ը փոխանցվել պետությանը։ Փաշինյանի հանձնարարությամբ՝ այս հնարավորությունը պետք է վերացվի, և պետությանը վերադարձվի գույքի 100%-ը։
«Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25%՝ առհասարակ, չպիտի լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100%-ը պետք է վերադարձնի»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն նախապատրաստվում են և շուտով կդրվեն շրջանառության մեջ։
«Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,- ասել է Փաշինյանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2020 թվականին։ Այն նախատեսում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հնարավորություն, եթե իրավասու մարմինը դատարանում հիմնավորում է դրա ապօրինի ծագումը։
Օրենսդրությունը նաև հնարավորություն է տալիս մինչև դատական վերջնական որոշումը հաշտության համաձայնագիր կնքել պետության հետ։ Գործող կարգավորմամբ նման համաձայնագրի դեպքում պետությանը կարող է փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի առնվազն 75%-ը, իսկ մնացած մասը՝ պահպանվել սեփականատիրոջ մոտ։
Այսպիսով, Փաշինյանի հանձնարարությունը վերաբերում է ոչ թե ապօրինի ճանաչված գույքի 25%-ը պարտադիր սեփականատիրոջը թողնելու գործող կանոնին, այլ հաշտության համաձայնագրի շրջանակում նման հնարավորություն նախատեսող կարգավորման վերացմանը։
