«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը վիճել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության անդամների երդման տեքստի փոփոխությունների քննարկման ժամանակ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Բանավեճը սկսվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Նա քննադատել է կառավարության առաջարկած փոփոխությունները և ներկայացրել երդման տեքստի սեփական տարբերակը։
Ղազարյանն առաջարկել է դրանում, մասնավորապես, ներառել «Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին ծառայելու», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ ստանձնած «խոստումներն ու պարտավորությունները կատարելու», ինչպես նաև Հայաստանի քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների, մտավորականների և գործարարների նկատմամբ «բռնաճնշումներ գործադրելու» մասին ձևակերպումներ։
Նա հայտարարել է, որ առաջարկը գրավոր կներկայացնի և առաջարկել է այդ տարբերակը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։
Ի պատասխան՝ Ալեքսանյանը ենթադրել է, որ նման տեքստով կարող էր երդվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա նաև հայտարարել է, որ Ղազարյանի նման ելույթները «հայելային արձագանք» են ստանալու։
«Երբ ձեր գործընկերը գալիս է այստեղ ու Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին, Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեին ասում է նմանատիպ արտահայտություններ, պատրաստ եղեք, որ, այո, ձեր կուսակցության կիսագրագետ օլիգարխ առաջնորդի հասցեին հնչելու են նույնատիպ ձևակերպումներ»,- ասել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ մեկ այլ պետության շահերին ծառայելու մասին պնդումը ոչ պակաս վիրավորական է, քանի որ այն, ըստ պատգամավորի, պետական դավաճանության մեղադրանք է։
Ալեքսանյանը նաև առաջարկել է Ղազարյանի հայտարարությունները դիտարկել որպես Սամվել Կարապետյանի դիրքորոշում։
«Այն, ինչ ինքն է ասում, մենք ենթադրելու ենք, որ դա ասում է Սամվել Կարապետյանը (…) և արձագանքելու ենք ոչ թե իրեն, քանի որ ինքը ուղղակի խոսնակ է, խոսափողն է, բարձրախոսն է, այլ արձագանքելու ենք այդ խոսքերի բուն հեղինակին»,- հայտարարել է նա։
Ղազինյանն Ալեքսանյանի խոսքերը որակել է անձնական վիրավորանք և սադրանք՝ նշելով, որ քաղաքական գնահատականները չպետք է վերածվեն անձնական վիրավորանքների։
Նա նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, կարճ ժամանակ անց իշխանության ներկայացուցիչները ստիպված են լինելու Սամվել Կարապետյանին դիմել որպես վարչապետի։
«Չեմ ուզում ժամկետ նշել, որ չսխալվեմ, բայց շատ կարճ ժամանակ անց դուք ստիպված եք լինելու Սամվել Կարապետյանին դիմել՝ «պարոն վարչապետ»»,- ասել է Ղազինյանը։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է, որ այդ հայտարարությունն ընդունում է որպես խոստում։
Ավելի վաղ հանձնաժողովը հավանություն էր տվել կառավարության անդամների երդման տեքստը փոխելու նախագծին։ Գործող երդման «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման» ձևակերպումն առաջարկվում է փոխարինել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» բառերով։
