Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կուսակցության հարաբերությունների վատթարացումը կապել է նրա գործունեության վերաբերյալ մի շարք պնդումների հետ։ Փաշինյանն այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում, որը ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Վարչապետի պնդմամբ՝ Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք առնչություն են ունեցել ավազի ապօրինի արդյունահանմանը։ Նա նշել է, որ այդ գործերով կան քրեական վարույթներ և օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։
Փաշինյանը նաև պնդել է, որ Սարգսյանը երթևեկել է ապօրինի պետհամարանիշներով, իսկ նրա օգնականը՝ առանց վարորդական իրավունքի։ Նրա խոսքով՝ ոստիկանությունում այդ խախտումները չարձանագրելու փորձերի, այդ թվում՝ վարչապետի անունը շահարկելու պատճառով քրեական վարույթներ են նախաձեռնվել և պաշտոնանկություններ են կատարվել։
Վարչապետը Սարգսյանին մեղադրել է նաև Սևանի ափամերձ գոտում իշխանական դիրքն ու իր անունը շահարկելով ապօրինի գործունեություն ծավալելու մեջ։
Փաշինյանի խոսքով՝ հակասությունների մեկ այլ պատճառ առնչվել է խաղային ոլորտին։ Նա պնդել է, որ մինչ կառավարությունը 2027 թվականի հունվարի 1-ից միասնական օպերատորի համակարգ ներդնելու կարգավորումներ էր մշակում, երբ Սարգսյանը ոլորտի ներկայացուցիչներին առանձին բանակցությունների առաջարկներ է արել։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Սարգսյանը 2018 թվականից «օլիգարխ դառնալու հավակնություններ» է ունեցել, ինչը, վարչապետի խոսքով, ինքը թույլ չի տվել։
«Թեև ես Հայկ Սարգսյանին մանկուց ճանաչում եմ, այդ ամենը պետք է լինի իրավապահների քննության առարկա»,- հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույցում իր և ՔՊ-ի միջև հակասությունների այլ բացատրություն էր տվել։ Նրա խոսքով՝ կուսակցությունն իրեն չի ներել ՔՊ վարչության նիստում հնչեցրած ինքնաքննադատական ելույթի համար։
Սարգսյանի հետ տարաձայնությունների մասին խոսել է նաև ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարել է, որ Սարգսյանի գործունեությամբ պետք է զբաղվեն իրավապահները, և հաստատել է, որ իր դիմումի հիման վրա տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Սարգսյանի գույքի վերաբերյալ։
Սարգսյանը նախկինում իր և Սիմոնյանի հակասությունները կապել էր նաև օնլայն խաղերի սահմանափակման վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնության հետ։ Սարգսյանը չէր ընդգրկվել ՔՊ-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակում։
Սարգսյանին, որը խաղային ոլորտի սահմանափակումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէին ներառել ԱԺ նախընտրական ցուցակում։ Դա Սարգսյանը մեկնաբանել էր իր ու Սիմոնյանի տարաձայնություններով, որոնցից մեկը վերաբերում էր օնլայն խաղերի սահմանափակման մասին օրենքին, որին դեմ էր Սիմոնյանը։ Նշենք, որ Սարգսյանը 2025 թվականի մարտին դիմել էր վարչապետին՝ պետական պահպանություն ստանալու համար, ինչը մամուլը կապել էր նույն նախաձեռնության հետ։
