Միկոյանն արձագանքել է Փաշինյանի՝ Քոչարյանի առողջության մասին խոսքերին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօրվա ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին, խոսելով դատաիրավական համակարգի և նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի մասին, ակնարկել է, մասնավորապես, Քոչարյանին՝ հայտարարելով, որ որոշ մարդիկ մինչև իրենց մեղադրանք առաջադրելը «տուռնիկի վրա պտտվում էին», իսկ դրանից հետո «դառնում են մահամերձ»։

«Այդ մարդիկ երկու ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են արդեն մահամերձ։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Մահամերձ էին՝ ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ էին»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հաճախ էր հրապարակում մարզումների տեսանյութեր, այդ թվում՝ մարզաձողի վրա վարժություններ կատարելիս։

Փաշինյանն ավելի ուշ արդեն ուղղակիորեն հիշատակել է Քոչարյանին՝ հայտարարելով, որ իր խոսքերը վերաբերում են նաև նրան։

Միկոյանը, արձագանքելով վարչապետի հայտարարություններին, նշել է, որ Քոչարյանը վերջերս վիրահատվել է, սակայն, իր խոսքով, երկրորդ նախագահն անձամբ է արգելել առողջական վիճակը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության հիմք։

«Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա»,- գրել է Միկոյանը՝ հավեդլելով, որ Քոչարյանի կալանքի միջնորդության նիստը հետաձգվել էր ոչ թե պաշտպանական խմբի միջնորդությամբ, այլ բժիշկների ցուցումով։

«Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը»,- հայտարարել է Միկոյանը։

Նա նաև արձագանքել է Փաշինյանի՝ «տուռնիկի» մասին արտահայտությանը՝ հիշատակելով Քոչարյանի՝ մարզաձողի վրա վարժություն կատարելու հայտնի տեսանյութը։

«Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։ Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»,- գրել է Միկոյանը։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի  նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։

Leave a Comment