ՆԳՆ-ն կստուգի լքված մանկապարտեզներում թմրանյութերի վաճառքի մասին տվյալները

ՀՀ ՆԳՆ-ն կստուգի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի լքված մանկապարտեզների շենքերում թմրանյութերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի բարձրացրած հարցին։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-յան ալիքում։

Մանուկյանը հայտարարել է, որ Լենինգրադյան փողոցում գտնվող նախկին «Վերոնիկա» մանկապարտեզը պետական դառնալուց հետո փակվել է և, իր տեղեկություններով, տարածքն սկսել է օգտագործվել թմրանյութերի վաճառքի համար։ Պատգամավորը հայտնել է, որ անձամբ դիմել է այդ հարցով, սակայն, նրա խոսքով, դա որևէ հետևանք չի ունեցել։

Նա հիշատակել է նաև Մալաթիա-Սեբաստիայում գտնվող նախկին հայ-ֆրանսիական մանկապարտեզը, որը, ըստ նրա, պետական դառնալուց հետո նույնպես դադարել է գործել և սկսել է օգտագործվել թմրանյութերի իրացման համար։

«Երբ ծնողը գիտի՝ ով է բերում, որտեղ են բերում, թաքցնում, բայց, օրինակի համար, համապատասխան վարչության աշխատակիցը չգիտի՝ դա է ցավալին»,- հայտարարել է Մանուկյանը։

Նա ՆԳՆ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ոչ միայն մեծ քանակությամբ թմրանյութերի ներմուծմանը, այլև մանրածախ իրացմանը։

Ղազարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը կուսումնասիրի պատգամավորի մատնանշած դեպքերը։

«Մենք, վստահ եմ, հետևողական կլինենք և ուշադիր կլինենք յուրաքանչյուր մատնանշած դեպքի մասով»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրավապահները կենտրոնացել են նաև սահմանին մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերման վրա՝ հետագայում դրանց ավելի փոքր չափաբաժիններով իրացումը կանխելու նպատակով։ Ղազարյանը նշել է, որ հայտնաբերումների թիվը տարեցտարի աճում է, սակայն այդ վիճակագրությունը չի կարելի միանշանակ բացատրել միայն ապօրինի շրջանառության աճով․ այն կարող է կապված լինել նաև իրավապահների աշխատանքի բարելավման և աշխատանքի մարտավարության փոփոխության հետ։

«Եթե մենք կարողանում ենք ներմուծման, ծագման վայրում կանխել մեծ քանակությամբ թմրամիջոցի մուտքը, ապա հետագա իրացման հարցը լուծելը շատ ավելի դյուրին է»,- հայտարարել է ՆԳ փոխնախարարը։

Միաժամանակ Ղազարյանն ընդգծել է, որ ոստիկանությունը շարունակում է զբաղվել նաև մանրածախ իրացման դեմ պայքարով։ Նրա խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության մի մասն իրականացվում է առցանց տիրույթի միջոցով, ինչի պատճառով ՆԳՆ-ն աշխատում է Քրեական ոստիկանությունում կիբերլաբորատորիա ստեղծելու ուղղությամբ։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ ՆԳՆ-ն նախատեսում է Համայնքային ոստիկանությանը բեռնաթափել իրեն ոչ բնորոշ գործառույթներից, որպեսզի ոստիկաններն ավելի շատ ժամանակ ունենան համայնքի բնակիչների հետ շփվելու, համապատասխան տեղեկություններ ստանալու և դրանք իրացնելու համար։

Leave a Comment