«Բարգավաճ Հայաստան» կուսկացության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր, Բելառուսի քաղաքացի Նիկոլայ Վինիցկին Ծառուկյանին պատկանող ընկերություններում իր ներդրումների և բաժնեմասերի հետ կապված վեճով Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)։
ICSID-ի տվյալներով՝ վեճը վերաբերում է բաժնետոմսերի ձեռքբերմանը։ Վինիցկին վկայակոչել է Հայաստանի և Բելառուսի միջև 2001 թվականի ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, ինչպես նաև 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ Նշենք, որ փաստաթղթերը նախատեսում են ներդրողների իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ներդրումների օտարման դեպքում, և պետության հետ վեճը միջազգային արբիտրաժ ներկայացնելու հնարավորություն։
Կենտրոնը հայցը գրանցել է սեպտեմբերի 4-ին։ Գործով պատասխանող կողմը Հայաստանի Հանրապետությունն է, որի շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Դեռ հուլիսի 30-ին Վինիցկին հայտարարել էր, որ հուլիսի 27-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ տեղեկացնելով միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին։ Ըստ այդ ժամանակ տարածված հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ին հաստատել էր ծանուցման ստացումը։
Վինիցկին պնդել էր, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա վեճը կապել էր իր ներդրումների և տնտեսական շահերի հետ չորս ընկերությունում՝ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Մուլտի Վելնես կենտրոն» ՍՊԸ-ում և Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարան ԲԲԸ-ում։
Ներդրողը պնդել էր, որ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իշխանությունները «ապօրինաբար բռնագրավել են» իր ներդրումները և «անհիմն, կամայական ու խտրական միջոցներով» խոչընդոտել դրանց կառավարմանը և գործունեությանը։ Նա նաև հայտարարել էր, որ իրավապահ, դատական և տեղական ինքնակառավարման մարմինները համակարգված գործողություններ են իրականացրել նշված ընկերությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։
Վինիցկին այդ համատեքստում հիշատակել էր ընկերությունների հիմնական բաժնետեր և իր գործարար գործընկեր Ծառուկյանի, ինչպես նաև ընկերությունների ղեկավարության անդամների ձերբակալությունները։ Նրա պնդմամբ՝ իշխանությունների գործողությունները կաթվածահար էին արել ընկերությունների գործունեությունը։
Հուլիսին Վինիցկին ՀՀ կառավարությանը կոչ էր արել վերականգնել նախկին իրավական և փաստացի վիճակը՝ ընկերությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնել օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, հրաժարվել ազգայնացմանն ուղղված քայլերից և հնարավորություն տալ ընկերություններին բնականոն գործունեություն իրականացնել։
Նա նաև առաջարկել էր վեճը կարգավորել բանակցությունների միջոցով՝ նշելով, որ հակառակ դեպքում միջազգային ներդրումային արբիտրաժում Հայաստանից պահանջելու է ամբողջական փոխհատուցում իր կրած վնասների համար։
Հուլիսյան ծանուցման մեջ Վինիցկին վկայակոչել էր երեք միջազգային փաստաթուղթ՝ Հայաստան-Բելառուս և Հայաստան-Ռուսաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերը, ինչպես նաև ԵԱՏՄ մասին պայմանագիրը։ ICSID-ում սեպտեմբերի 4-ին գրանցված գործի տվյալներում, սակայն, որպես վեճի իրավական հիմքեր նշված են Հայաստան-Բելառուս համաձայնագիրը և ԵԱՏՄ մասին պայմանագիրը։
Ծառուկյանի կալանավորման ֆոնին կապարակնքվել էին նրա մի շարք կազմակերպությունների դռները, իսկ որոշ գործարաններ, այդ թվում՝ «Արարատցեմենտը», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանը, «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն անցել էին պետական և քաղաքային կառավարման։
