«Սա Հայաստանի զարկերակն է». Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի շուրջ ստեղծված վտանգների մասին

Այս ճանապարհը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության մայրուղի է, որով տարեկան անցնում է շուրջ 100 000 բեռնատար և տեղափոխվում մոտ 2 միլիոն տոննա ապրանք: Այն միմյանց է կապում Սյունիքը, Վայոց Ձորը և Հյուսիսային Հայաստանը: Այս մասին իր տեսաուղերձում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից օրեր առաջ Տիգրանաշենի վերաբերյալ արված հայտարարություններին։

«Տարածքի հնարավոր հանձնման դեպքում Ադրբեջանը, օգտագործելով նավթադոլարների հնարավորությունները, կարող է այն բնակեցնել ադրբեջանցիներով՝ ուղղակի վտանգ ստեղծելով մայրաքաղաք Երևանի և հարակից բնակավայրերի համար: Տիգրանաշենի հատվածում ադրբեջանական ներկայությունը կխաթարի Հայաստանի հարավն ու հյուսիսը կապող միակ հիմնական լոգիստիկ և տրանսպորտային զարկերակը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունների վարած՝ տարածքների զիջման քաղաքականությանը հակադրվում է զարգացման հայեցակարգը, որը նախատեսում է այս տարածաշրջանում ստեղծել ժամանակակից լոգիստիկ և տուրիստական հանգույց՝ հայրենիքը պահելու և զարգացնելու նպատակով:

Leave a Comment