Իշխանությունները թիրախավորել են Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ը․ ԶԼՄ

Իշխող ուժի թիրախում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընկերության վարորդներից մեկը թերթին հայտնել է, որ պարեկները պարբերաբար կանգնեցնում են Կոտայքի մարզից Երևան ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները և վարորդներին տուգանում 5 հազար դրամով։

«Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղևոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր»,- նշել է վարորդը։

Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։

ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։

Leave a Comment