Ծաղիկ արտահանողը Թուրքիա արտահանման խնդիրների պատճառով դիմել է Փաշինյանին․ ԶԼՄ

Ծաղիկ արտահանող «Սիզընս Ռոս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ թուրքական կողմի՝ մաքսազերծման գործընթացը ձգձգելու պատճառով արտահանվող ծաղիկները չեն հասել գնորդին և փչացել են, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ընկերությունը ստեղծվել է 2026 թվականի հուլիսի 6-ին՝ ծաղիկների արտահանման նոր շուկաներ գտնելու նպատակով։ Ընկերությունը մեկ անգամ ծաղիկ է արտահանել ԱՄՆ, ապա փորձել է արտահանում իրականացնել Թուրքիա։ Թուրքիա արտահանման ձախողման հետևանքով ընկերությունը ֆինանսական վնաս է կրել։

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին ուղղված նամակում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նման խնդիրների բախվում են նաև այլ գործարարներ, որոնք, նրանց խոսքով, չեն տեսնում կառավարության հայտարարած արտահանման քաղաքականության իրական արդյունքները։

Մայիսի վերջից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների արտահանումը։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Leave a Comment