Հայաստանը նախատեսում է առնվազն երեք նոր արբանյակ գործարկել. Փաշինյան – armeniatoday.am

Հայաստանը նախատեսում է առնվազն երեք արբանյակ գործարկել՝ երկուսը Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար, Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2026-2031 թվականների կառավարության ծրագրով ազգային տիեզերական կարողությունների զարգացումն առանձնացվել է որպես ռազմավարական նպատակ։

Նա նշել է, որ արբանյակներին զուգահեռ Հայաստանը նախատեսում է զարգացնել սեփական ցամաքային ենթակառուցվածքները՝ արբանյակների կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Նախատեսվում է նաև ստեղծել ցամաքային կայանների ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի կարիքները, այլև միջազգային տիեզերական առաքելությունները։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մտադիր է ավելի ակտիվ մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներգրավվել տիեզերական համակարգերի ու սարքավորումների նախագծման, մշակման և արտադրության մեջ։

Տիեզերական տեխնոլոգիաներն ու օդատիեզերական ոլորտը ներառվել են նաև Հայաստանի գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական առաջնահերթությունների շարքում։ Դրանք ներառում են Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակի դիտարկումը և նավիգացիոն տեխնոլոգիաները։

Հայաստանը նաև մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգը՝ առաջատար հաշվարկային և ԱԲ կարողությունների էկոհամակարգ ստեղծելու համար։ Փաշինյանը նշել է նաև NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում ստեղծված Firebird ԱԲ գործարանի մասին։

Հայաստանը 2022 թվականին արձակել է ARMASAT-1 արբանյակը, իսկ 2023 թվականին՝ HAYASAT-1-ը, որն ամբողջությամբ հավաքել և փորձարկել են հայ մասնագետները։

Leave a Comment