Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր «Բիզնես» կուսակցությամբ Գորիսում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։ Այս մասին Առուշանյանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին։
«Մեր կուսակցությունը «Բիզնես» կուսակցություն է անունը, այդպես է կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»,- հայտարարել է Առուշանյանը։
Նրա խոսքով՝ «կառուցողական հարաբերություն ունեն» ՔՊ-ի հետ և «համատեղ աշխատանքը լավ է ստացվում»։
Առուշանյանը նախկինում համարվում էր իշխանությանն ընդդիմադիր քաղաքապետ։ Նա կոշտ քննադատում էր Հայաստանի գործող իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 44-օրյա պատերազմից հետո նա մարզի այլ համայնքների ղեկավարների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։
2021 թվականին Առուշանյանն ԱԺ ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով և կալանավորվել ընտրակաշառքի գործով։ Հետագայում դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Առուշանյանն ու նրա փաստաբանները գործը քաղաքական հետապնդում էին որակում։
Հետագայում նրա հարաբերություններն իշխանությունների հետ փոխվել են։ 2024 թվականին լրատվամիջոցները հայտնել էին, որ Առուշանյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ 2026 թվականի հունիսին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Գորիսի քաղաքապետը դրական է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագրին» և ակնկալում է կուսակցության աջակցությունը։
