ՌԴ-ն 2027 թ. միգրանտներից կպահանջի հաստատել ընտանիքին պահելու եկամուտը – armeniatoday.am

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները 2027 թվականի հունվարի 1-ից պետք է հաստատեն, որ ունեն իրենց հետ բնակվող և չաշխատող ընտանիքի անդամներին պահելու համար բավարար եկամուտ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կիկոտը։

Ըստ նրա՝ ընտանիքի յուրաքանչյուր չաշխատող անդամի հաշվով եկամուտը պետք է պակաս չլինի տվյալ տարածաշրջանում սահմանված կենսապահովման նվազագույնից։

Եթե եկամուտը սահմանված չափից ցածր լինի, օտարերկրացուն կարող են մերժել աշխատանքային արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության տրամադրումը կամ չեղարկել արդեն տրամադրված փաստաթղթերը։

Նոր պահանջները նախատեսված են Ռուսաստանում աշխատանքային միգրանտների ընտանիքների չաշխատող անդամների բնակությունը սահմանափակելու համար։ Դրանք ներդրվում են պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգի շրջանակում։

Կիկոտի խոսքով՝ միգրանտների երեխաներին ռուսական դպրոցներ ընդունելու կանոնների խստացումից հետո նրանց ընտանիքների չաշխատող անդամների թիվն արդեն նվազել է 20%-ով։ Մինչ նոր չափանիշների ներդրումը նրանց թիվը կազմել է շուրջ 1,7 միլիոն։

Միաժամանակ Ռուսաստանի իշխանություններն ուժեղացրել էին միգրացիոն օրենսդրության պահպանման վերահսկողությունը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրից արտաքսվել է օրենսդրությունը խախտած շուրջ 100 հազար օտարերկրացի, որոնցից 75 հազարը՝ հարկադիր կարգով։ Եվս 197 հազար օտարերկրացու արգելվել է մուտք գործել Ռուսաստան։

Օտարերկրյա աշխատողների եկամուտների վերաբերյալ նոր պահանջներն ավելի վաղ ամրագրել էր ՌԴ Պետդուման։ Օրենքի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

2020-2021 թվականների մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվում է շուրջ 1,2 միլիոն ազգությամբ հայ։ Սակայն այս ցուցանիշը չի արտացոլում Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը․ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ թարմ պաշտոնական տվյալներ բաց հասանելիությամբ չկան։

Leave a Comment