Վրաստանը կպահպանի ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմն իրանական 5 ավիաընկերության նկատմամբ, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Վրաստան, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը (GCAA)։
Այդ ավիաընկերություններն ընդգրկվել են ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցային ցանկում, որում ներառված է իրանական 27 ավիաընկերություն։
«Վրաստանն ակտիվորեն պահպանում և ապահովում է մեր միջազգային գործընկերների սահմանած պատժամիջոցների կատարումը։ Դա վերաբերում է նաև ավիացիոն ոլորտին»,- ասվում է GCAA-ի հայտարարության մեջ։
Գործակալությունից պարզաբանել են, որ օտարերկրյա ավիաընկերություններին վրացական շուկա մուտք գործելու թույլտվություն տրամադրելիս հաշվի են առնում ազգային օրենսդրությունը, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշները, միջազգային համաձայնագրերն ու պատժամիջոցային սահմանափակումները։
Լրացուցիչ վերահսկողության համար GCAA-ն արդեն մի քանի տարի հաշվի է առնում նաև ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պատժամիջոցային ցանկերը։ Այդ սահմանափակումների հիման վրա Վրաստանը նախկինում արդեն սահմանափակել է առանձին ավիաընկերությունների գործունեությունը։
ԱՄՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել իրանական 27 ավիաընկերության նկատմամբ՝ նրանց մեղադրելով Իրանի ավիացիոն ոլորտին աջակցելու մեջ։
