Բյուրեղավանի ջրի նմուշներում շեղումներ չեն արձանագրվել․ ՀՎԿԱԿ – armeniatoday.am

Բյուրեղավանում իրականացված խմելու ջրի և կենսանմուշների լավորատոր հետազոտությունների արդյունքում որևէ շեղում կամ վարակիչ հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել, հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։

Ըստ գերատեսչության տվյալների՝ ջրի և կենսանմուշների հետազոտություններն իրականացվել են երկու փուլով։

Նախ վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, ապա երեկոյան վերցվել է խմելու ջրի ևս 19 նմուշ։

ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ իրավիճակը գտնվում է ամբողջական վերահսկողության տակ, իսկ կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

«Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 7-ին Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով 6 քաղաքացի էր բուժօգնության դիմել։ Դեպքից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և չօգտագործել այն սննդի պատրաստման համար՝ մինչև լրացուցիչ տեղեկությունների տրամադրումը։

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։ Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։

Leave a Comment