Պետական եկամուտների նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի գործով սեպտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստ է կայացել, որից հետո նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Խաչատրյանի պաշտպանները, որոնք նախորդ դատական նիստերի ժամանակ խուսափել էին նրա առողջական վիճակի մանրամասները հրապարակայնացնելուց, սեպտեմբերի 10-ին լրագրողներին հրատապության կարգով հրավիրել էին Հակակոռուպցիոն դատարան՝ նիստը լուսաբանելու։ Պաշտպանական կողմը դա պայմանավորել է Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացմամբ և, իրենց գնահատմամբ, նրա կյանքին ու առողջությանը սպառնացող լրջագույն վտանգով։
Խաչատրյանի պաշտպանական խումբը հաղորդագրությամբ հայտնել էր, որ 71-ամյա Խաչատրյանին դատարան էին բերել շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Պաշտպանական կողմը նաև հայտնել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ Խաչատրյանի համար խնամող անձ է ապահովվել։
ԶԼՄ-ներին ավելի ուշ թույլ չեն տվել տեսանկարահանել դատական նիստը։ Դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ն արդեն համապատասխան հարցադրումներ է ուղղել ՀՀ կառավարությանը, և գանգատը կոմունիկացիոն փուլում է։ Գանգատի մասին այլ մանրամասներ Սարգսյանը չի հայտնել։
Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ Խաչատրյանի կալանքի հետևանքով նրա կյանքին և առողջությանը «լրջագույն վտանգ» է սպառնում։ Սարգսյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում իրենք տեսնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի խախտում։
Փաստաբանը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ից միջնորդում են Խաչատրյանին տեղափոխել հիվանդանոց, ինչպես նաև թույլ տալ, որ նրա բուժող բժիշկն այցելի ՔԿՀ և զննի նրան։ Սարգսյանի խոսքով՝ բուժող բժշկին մինչ այժմ թույլ չեն տվել այցելել Խաչատրյանին, իսկ սկզբնական շրջանում պաշտպանների դիմումներին շուրջ մեկ շաբաթ չեն պատասխանել։
Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանին խնամելու համար մայրապետ է նշանակվել, որն օրական երեք անգամ այցելում է նրան և օգնում սնվելու ու դեղորայքի ընդունման հարցերում։ Միաժամանակ, փաստաբանի խոսքով, Խաչատրյանը չի կարող ինքնուրույն օգտվել սանհանգույցից և լոգանք ընդունելու հնարավորություն չունի։ ՔԿՀ-ում նրան անվասայլակ են տրամադրել, սակայն, ըստ Սարգսյանի, Խաչատրյանի վիճակը միշտ չէ, որ թույլ է տալիս նստել և օգտվել դրանից։
Փաստաբանը նաև հակադարձել է Խաչատրյանի կողմից առողջական խնդիրները սիմուլյացիայի ենթարկելու մասին պնդումներին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչատրյանին «սիմուլյանտ» էր անվանել։ Սիմուլյացիայի մասին դիրքորոշում էր հայտնել նաև մեղադրանքի կողմը՝ հղում անելով վերջին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին։
Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ 2026 թվականի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Խաչատրյանի մոտ արձանագրվել են բազմաթիվ հիվանդություններ։ Նա ընդգծել է, որ 2019 թվականից ի վեր Խաչատրյանը բազմիցս ենթարկվել է բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, այդ թվում՝ մեղադրանքի կողմի նախաձեռնությամբ։ Փաստաբանի պնդմամբ՝ նախկինում անցկացված կոնսիլիումների և փորձաքննությունների մի շարք եզրակացություններով արձանագրվել է վիրահատության անհրաժեշտություն։
Սարգսյանը նաև անդրադարձել է Խաչատրյանի՝ հերթական ՄՌՏ հետազոտությունից հրաժարվելուն, ինչին հղում է արել մեղադրանքի կողմը։ Նրա խոսքով՝ Խաչատրյանը նախկինում բազմիցս ՄՌՏ է անցել, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով, և այդ հետազոտությունների արդյունքները քննության մարմնի տրամադրության տակ են։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին փորձաքննության համաձայն՝ վիրահատության անհրաժեշտությունը ներկայում հնարավոր է գնահատել ՄՌՏ հետազոտությունից հետո, որից Խաչատրյանը հրաժարվել է։
Փաստաբանի պարզաբանմամբ՝ Խաչատրյանը կլաուստրոֆոբիայի, ինչպես նաև ուսահոդերի և պարանոցի հատվածի ցավերի պատճառով ՄՌՏ հետազոտությունները նախկինում անցել է քնեցմամբ։ Նրա խոսքով՝ նման եղանակը կարող է բացասաբար ազդել Խաչատրյանի առողջական վիճակի վրա, իսկ բժշկական կենտրոնում իրենց չեն կարողացել երաշխավորել, որ հերթական նման հետազոտությունը չի հանգեցնի վիճակի վատթարացման։
Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը նախկին փորձաքննություններից մեկի ընթացքում միջնորդել էր հանձնաժողովում ներգրավել նաև անկախ մասնագետների Հայաստանից, Գերմանիայից և Ռուսաստանից, սակայն միջնորդությունը մերժվել էր։ Պաշտպանները նաև առաջարկել էին ներգրավել ուրոլոգի և օրթոպեդի՝ Խաչատրյանի մյուս առողջական խնդիրները գնահատելու համար, ինչը, փաստաբանի պնդմամբ, նույնպես չի ընդունվել։
Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։
