ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Մայք Քերին բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ընտրված ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը, հայտնել է ANCA-ն։
Կոնգրեսականն ընդգծել է Ադրբեջանի վարքագծի անընդունելիությունը Արցախում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո:
Նախքան հայ պատանդների խնդրին անդրադառնալը՝ կոնգրեսականն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը։
Քերին մատնանշել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ պատանդներին, այդ թվում՝ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանը, ինչը հաջորդել է տարածաշրջանում տեղի ունեցած էթնիկ զտումներին։
Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովն իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության նկատմամբ, ինչի համատեքստում էլ կոնգրեսականը շեշտել է Բաքվի գործողությունների ազդեցությունը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
