10.09.2026 | 16:11
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԸ հայտնի էր իր ազատ, անկաշկանդ, բնական, կոլորիտային բարք ու վարքով։ Նա ևս Թումանյանական վերնատան այցելու էր։ Հաճախ էր այցելում Թումանյանի երկհարկ վերնատուն։ Թումանյանը տասը երեխա ուներ և երբ էլ գար` աստճանների վրա խաղացող երեխա կգտնվեր։ Պռոշյանը ալարում էր առանց հարցման հաղթահարեր աստիճանները։ Բա որ Օհաննեսը տանը չլինե՞ր…
Գալիս կանգնում է տան առաջ ու ձեն տալիս աստիճանների վրա խաղացող երեխաներին.
– Ա լակոտնի,- կանչում էր,- էն գյադեն տանն ա՞…
*
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ու ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ հաճախ էին մեկ մեկու հոգու հետ խաղում։
Մի օր խորովածի սեղանին Խանզադյանը կուշտ ուտելուց հետո փառահեղ բեղերով բերանը մաքրում ա ու ծայրերը սղալելով բացականչում.
– էս հո բեղ չի՞,- պարծենում ա,- սարֆետկա էլ ա, սարֆետկա…
– Որ մի քիչ էլ բեղերդ երկարացնես` քամակդ էլ կմաքրես…
Խանզադյանի բեղերի ունիվերսալ հնարավորություններն է բացահայտում Համո Սահյանը։
*
Երիտասարդ գրողներ են այցի գնացած լինում ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ բնակարան։ Նրանցից մեկը պատուհանից ցած է նայում և նկատում Սահյանի հասակակից տարեց մարդկանց, որոնք ջանադիր մարզվում էին։
– Համո Սահակիչ,- ասում է Սահյանի առողջությամբ ջատագով երիտասարդը,- հլա տես քո տարիքի մարդիկ ո՞նց են մարզվում, իսկ ինչու՞ դու մարզանք չես անում…
– Դևանք քանի՞սն են,- անտարբեր հարցնում է Սահյանը։
– Երկուսը,- պատասխանում է երիտասարդ գրողը։
– Անցած տարի հինգն էին…
Անվրդով ավելացնում է Համո Սահյանը։
*
Քանի որ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆՆ ընկերս է եղել` ծանոթի կարգով նրան էլ ներկայացնեմ մեծերի շարքում։
Ընկերոջս` Վազգեն Խաչիկյանին նոր էին բռնել, որպես թոշակառունների փողերը յուրացնող։
Արմեմը կեղծ զարմանքը դեմքին դրոշմած ինձ թե`
– Լևոն, էդ դու սկսել ես թու՞յլ գրել…
Նրանից շատ, միայն թե անկեղծ, ես զարմացա։
– Ինչի՞ որ,֊ասի,- խի՞, ես կարում եմ թույլ գրե՞մ…
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ