Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում շարունակվում է բարեկարգման երկրորդ փուլը, հայտնել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքների ընթացքին ծանոթացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու կատարված աշխատանքները։ Անդրեասյանն ընդգծել է շինարարական և բարեկարգման աշխատանքների բարձր որակը հետևողականորեն ապահովելու անհրաժեշտությունը։
Ծիծեռնակաբերդի վերականգնման և բարեկարգման աշխատանքները հանրային քննարկումների առիթ էին դարձել։ Վերականգնման աշխատանքները սկսվելուց հետո վնասված մույթերի բեկորները հայտնվել էին համացանցում, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Բողոքի ցույցերից հետո Մշակույթի նախարարությունը դադարեցրել էր աշխատանքները, հայտարարել բարելավումների մասին, ապա վերսկսել դրանք։
Հունվարին Անդրեասյանը Armenia Today-ին հայտնել էր, որ վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը, իսկ մասնագետներն ամենշաբաթյա այցերի ընթացքում հետևում են աշխատանքների ընթացքին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Armenia Today-ին տված հարցազրույցում քննադատել էր վերականգնման աշխատանքների որակը՝ դրանք հուշահամալիրին հասցված վնաս որակելով։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Armenia Today-ին տված հարցազրույցում վերականգնման աշխատանքները կապել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իշխանությունների մոտեցման փոփոխության հետ։
Կարդացեք նաև՝
Վանդալի՞զմ, վերանորոգո՞ւմ, թե՞ ուղերձ․ Ցեղասպանության հուշահամալիրի շուրջ բանավեճը շարունակվում է
