ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։
«Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում օպերատիվ արձագանք ստանալու համար կարող եք՝
- գրել Ծառայության ֆեյսբուքյան էջին,
- զանգահարել Ծառայության զանգերի կենտրոն (84-22)։
Դիմումներ և հարցումներ կարող եք ուղարկել ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի համաձայն՝ դիմումը պետք է լինի ստորագրված։
Հետևաբար, դիմումը ՄՔԾ էլեկտրոնային պաշտոնական հասցեին ուղարկելիս անհրաժեշտ է ներկայացնել՝ ստորագրված՝ հստակ շարադրված հարցով, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը։
Պահանջը պայմանավորված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք տեխնիկական հարցերի դեպքում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին չստորագրված դիմումներ չուղարկել, իսկ տեխնիկական աջակցության համար օգտվել նախատեսված կապի միջոցներից»։
