Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում կարող է աջակցել անկախ թեկնածուների. ԶԼՄ

Հայաստանի ընդդիմադիր ուժերը քննարկում են առաջիկա ՏԻՄ ընտրություններին անկախ թեկնածուների կամ չեզոք կուսակցական ցուցակների միջոցով մասնակցության տարբերակը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթն ընդդիմության նման որոշումը կապել է հնարավոր քաղաքական հետապնդումների վերաբերյալ թեկնածուների մտավախությունների հետ։

Քննարկվող տարբերակներից մեկով՝ թեկնածուները կարող են առաջադրվել որպես անկախ կամ չեզոք կուսակցական ցուցակներով, իսկ ընդդիմադիր ուժերը կաջակցեն նրանց՝ առանց թեկնածուներին իրենց կուսակցությունների հետ ուղղակիորեն կապելու։

Պարբերականի տվյալներով՝ այդ քննարկումներով է պայմանավորված նաև այն, որ ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձևաչափի և թեկնածուների մասին։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հուլիսի 7-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ իր գլխավորած ուժը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ «Հայաստան» դաշինքը ևս սեպտեմբերի 8-ին հայտարարել է տեղական ընտրություններին մասնակցելու մասին։

Leave a Comment