ՔՊ-ն Մեղրիում և Աբովյանում ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ է ընտրել. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրել գործող քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 9-ին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Պարբերականի տեղեկություններով՝ Անդրեասյանը ղեկավարում է ՔՊ-ի Մեղրիի տարածքային կառույցը։ Թերթը գրել է, որ կուսակցությունը քաղաքապետի այլ հարմար թեկնածու չունի։

«Հրապարակ»-ի տվյալներով՝ Մեղրիի ընտրություններին առանձին ցուցակներով կարող են մասնակցել նաև մի քանի իշխանամետ ուժեր, որոնք ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությունն են դիտարկում։

Աբովյանի ՏԻՄ ընտրությունները նախատեսված են դեկտեմբերին։ Պարբերականի տեղեկություններով՝ ՔՊ-ն գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակից և չի պատրաստվում առաջադրել նրան։

Որպես հնարավոր թեկնածու կուսակցությունում քննարկվում է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը, որը ծնունդով Աբովյանից և, ըստ թերթի, սոցիալական ցանցերում պարբերաբար ՔՊ-ին աջակցող հրապարակումներ է անում։

Leave a Comment