ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է քաղաքացիություն ստանալու և վերականգնելու պայմաններում առաջարկվող փոփոխությունները։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել ոչ շուտ, քան հինգ տարի անց։
Նախարարը հնգամյա սահմանափակումը բացատրել է նրանով, որ քաղաքացիությունը չպետք է օգտագործվի որպես ժամանակավոր գործիք։
«Սա հերթական գործարքը չէ, երբ դու կարող ես մի օր որոշել ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հաջորդ օրը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը թույլ է տալիս անձին ՀՀ քաղաքացիություն ստանալուց արդեն հաջորդ օրը դիմել այն դադարեցնելու համար։ Սարգսյանը նշել է, որ նման հնարավորությունը կարող է օգտագործվել այլ երկրներում տարբեր հարցեր շրջանցիկ ճանապարհներով լուծելու համար կամ առնվազն նման կասկածներ առաջացնել։
Նախարարի խոսքով՝ առաջարկվող հնգամյա ժամկետը պետք է նաև հնարավորություն տա մարդուն գնահատելու քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները։
«Կարևոր է, որ դադարի դեպքում անձը մտածի՝ արդյոք ուզում է խզել Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունները, թե ոչ։ Եթե որոշում է այդուհանդերձ, ապա պիտի վստահորեն իմանա, որ հարաբերությունների վերականգնումը կարող է տեղի ունենալ առնվազն հինգ տարի հետո»,- նշել է Սարգսյանը։
Փոփոխություններ են առաջարկվում նաև ազգությամբ հայերի համար․ ՆԳՆ-ն նախատեսում է սահմանել Հայաստանում երկու տարվա ռեզիդենտության պահանջ։ Սարգսյանի խոսքով՝ այդ դեպքում անձը տարվա ընթացքում առնվազն 183 օր պետք է գտնվի Հայաստանում։
Սարգսյանը նշել է, որ դժվար է խոսել անձի կենսական շահերի՝ Հայաստանի հետ կապի մասին, եթե նա երկրում չի գտնվում և Հայաստանի ռեզիդենտ չէ։ Նրա խոսքով՝ մի քանի օրով Հայաստան այցելելը չի կարող հաստատել Սահմանադրությամբ նախատեսված՝ երկրում բնակվելու փաստը։
Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները ցանկանում են վերանայել քաղաքացու և պետության հարաբերությունների նկատմամբ մոտեցումը։
Ավելի վաղ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտարարել էր, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործող պայմանները չափազանց պարզեցված են և վերանայման կարիք ունեն։
Նրա տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը՝ հասնելով Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշին։ Ղազարյանը դիմումների աճը կապել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների և Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ զբոսաշրջային սահմանափակումների հետ։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունը նման դեպքերում կարող է օգտագործվել որպես արտասահմանյան ուղևորությունները հեշտացնող փաստաթուղթ ստանալու գործիք։
