Խաչատրյանի պաշտպանությունն ապօրինի է համարել զենքի և գույքի առգրավումը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը հայտարարել է սեպտեմբերի 1-ին և 4-ին Քննչական կոմիտեի իրականացրած խուզարկությունների ընթացքում թույլ տրված խախտումների մասին։ Ավելի վաղ ՔԿ-ն հրապարակել էր Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկության կադրերը։

Փաստաբանների պնդմամբ՝ առգրավված հրազենն օրինական տիրապետման տակ է գտնվել, իսկ զենքի հետ միասին քննիչներն առգրավել են նաև դրա օրինական պահումն ու հաշվառումը հաստատող թույլտվություններն ու փաստաթղթերը։

«Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի»,- ասված է պաշտպանության հայտարարության մեջ։

Պաշտպանությունն ապօրինի է համարել նաև Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդերի, ժամացույցների, նկարների, զարդատուփերի, գրիչների և գրելու հավաքածուների առգրավումը։ Փաստաբանների խոսքով՝ այդ իրերը ընտանիքը ձեռք է բերել դեռևս 1970-ական թվականներից կամ ստացել է որպես նվեր, իսկ քննիչները չեն ներկայացրել այդ գույքը քրեական վարույթի հետ կապող փաստական կամ իրավական հիմքեր։

Փաստաբանները ՔԿ-ին մեղադրել են նաև անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու մեջ՝ բնակելի տարածքների ներքին կահավորանքի պատկերներ և անձնական բնույթի այլ տեղեկություններ հրապարակելու համար։

Պաշտպանությունը մտադիր է վիճարկել գույքի առգրավման իրավաչափությունը և պահանջել վերադարձնել այն իրերը, որոնք, իր գնահատմամբ, ապօրինի են առգրավվել։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։

Կալանավորման միջնորդության քննության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Խաչատրյանին անկողնուց պատգարակով տեղափոխել էին դատարան։ Դեպքը տեսանկարահանել էին նրա փաստաբանները։

Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը հաշմանդամություն ունի և նրան դատարան են տեղափոխել բժշկական պահանջների խախտմամբ։ Պաշտպանությունը նաև պնդում է, որ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ փորձաքննությունների արդյունքներով՝ Խաչատրյանի մոտ չկան առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն նրա մասնակցությանը դատավարական գործողություններին, իսկ անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգարակով դատարան տեղափոխված Խաչատրյանին «սիմուլյանտ» էր անվանել և աջակցություն հայտնել իրավապահների գործողություններին։ Նա հրապարակված կադրերը որակել էր ոչ թե «խայտառակություն», այլ «հույս, որ Հայաստանում վերջապես արդարություն կհաստատվի»։

Leave a Comment