ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Լոռու և Արարատի մարզերում համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության օրենսդրական փաթեթին, հայտնել է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նախագծով առաջարկվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով 22 բնակավայր ընդգրկող Վանաձոր խոշորացված համայնքը։ Արարատի մարզում նախատեսվում է միավորել Արարատ և Վեդի համայնքները՝ ձևավորելով 32 բնակավայրով Արարատ խոշորացված համայնքը։
Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային լսումներ են անցկացվել։ Ավետիսյանը նշել է, որ 2016 թվականից Հայաստանում համայնքների խոշորացման երկու մոդել է կիրառվել՝ փնջային և շրջանային։ Նրա խոսքով՝ տեղական և միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելն ավելի արդյունավետ է ծառայությունների որակի բարձրացման և համայնքների կարողությունների ամրապնդման տեսանկյունից։
Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում Հայաստանում կլինի 62 համայնք, որոնցից 55-ը՝ բազմաբնակավայր։
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մտահոգություն են հայտնել խոշորացման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ համայնքներում քննարկումները բավարար չէին։ Քննարկման ընթացքում նրանք շեշտել են, որ նախաձեռնությունը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, ոչ թե համայնքների շահերով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն համաձայնել այդ գնահատականին։ Նրանց խոսքով՝ համայնքների խոշորացումը նպատակ ունի հավասար պայմաններ ապահովել բոլոր համայնքների բնակիչների համար։
Քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են նաև համայնքների միավորումը տեղական հանրաքվեի միջոցով իրականացնելու նպատակահարմարության հարցը։
