ՌԴ-ի սահմանափակումները քաղաքական ենթատեքստ ունեն. Խանդանյան

ՌԴ-ի սահմանափակումները քաղաքական ենթատեքստ ունեն. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ունեն քաղաքական ենթատեքստ, և դրանց լուծումը պետք է գտնել բանակցությունների միջոցով։

«Սահմանափակումներ են, սահմանափակումներ, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ, և պետք է քննարկումների, բանակցությունների արդյունքում այդ հարցերը լուծել»,- ասել է Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները շարունակում են աշխատել ռուսական կողմի հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ են առաջացել և որ ապրանքատեսակների դեպքում են ռուսական կողմի կողմից ներկայացվել ստանդարտներին համապատասխանության հետ կապված հարցեր։

Միաժամանակ Խանդանյանը նշել է, որ բոլոր ապրանքատեսակները միաժամանակ չէին կարող չհամապատասխանել սահմանված չափանիշներին։

Նրա գնահատմամբ՝ նման սահմանափակումների կիրառումը նախընտրական և հետընտրական շրջանում չի բխում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերություններից և երկու երկրների պետական շահերից։ Ավելին, ըստ նրա, դրանք խաթարում են Եվրասիական տնտեսական միության տրամաբանությունը, քանի որ ԵԱՏՄ-ի հիմքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժն է։

Խանդանյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարցի շուրջ քննարկումները չեն ավարտվել, և համապատասխան գերատեսչությունները շարունակում են բանակցությունները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի նպատակը որևէ մեկին պատժելը չէ, այլ ստեղծված իրավիճակը կարգավորելը։

«Մեր նպատակը պատժելը չէ որևէ մեկին, մեր նպատակն է, որպեսզի հարցերը կարգավորվեն»,- ասել է նա։

Leave a Comment