TRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. Բայրամով


Միջազգային


TRIPP նախագծի վերաբերյալ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, սակայն դրա իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության հնարավոր չէ։

Այս մասին Բաքվում անցկացվող Կլիմայական շաբաթվա համաժողովի բացման միջոցառման շրջանակում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովի խոսքով՝ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին բանակցությունների ընթացքի մասին։

«TRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, և դա բնական է։ Միևնույն ժամանակ, ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են Ադրբեջանին, քանի որ մեր երկրի մասնակցության բացակայության պայմաններում նախագծի իրականացումն անհնար է։ Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ գործընթացը հաջողությամբ շարունակվում է», — ասել է Բայրամովը։

Նախարարը հայտնել է, որ նախկինում գործընթացի մեկնարկը սպասվում էր մինչև ընթացիկ տարվա վերջը, սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ այն նախատեսվում է 2027 թվականին։

«Մենք այս նախագիծը շատ կարևոր ենք համարում Ադրբեջանի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային գործընկերության համար», — ընդգծել է նա։

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում երկաթուղիների վերականգնման աշխատանքները։

Նրա խոսքով՝ կան միջազգային գործընկերներ, որոնք հետաքրքրված են այս նախագծին մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ինքնուրույն ձեռնարկում է դրա իրականացման համար անհրաժեշտ քայլերը։


Leave a Comment