Հայաստանում սեպտեմբերի 10-ից 13-ը առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվային մրցավազքը, հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։
Մրցավազքը տեղի կունենա Երևանում, ինչպես նաև Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ Ակնկալվում է, որ կմասնակցի 6 մարզիկից կազմված մոտ 20 թիմ։
Չորրորդ օրը մրցավազքն ամբողջությամբ կանցկացվի Երևանում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 113 կմ, մասնակիցները պետք է 11,3 կմ-անոց հատվածը հաղթահարեն 10 անգամ։
Կառավարության տվյալներով՝ մրցավազքին կմասնակցեն տարբեր երկրներից 18-20 թիմեր, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից և Գերմանիայից։ Մրցելու է նաև Հայաստանի հավաքականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Tour of Armenia-ն արդեն ներառվել է միջազգային օրացույցում և հաստատվել։ Նրա խոսքով, մրցաշարը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ինչը պետք է նպաստի հեծանվավազքի և հեծանվային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։
Կառավարությունը նաև նշել է, որ մրցավազքի հյուրընկալումը պետք է բարձրացնի Հայաստանի միջազգային ճանաչելիությունը։
