Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու այնտեղ պահվող հայերի, այդ թվում՝ իր հետ։ Բաքվի բանտից ուղարկված Իշխանյանի ձայնագրությունը հրապարակվել է «Ապառաժ» կայքում։
Նա նաև ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանից պահանջել և ստանալ հայերի մեղադրական ակտերը, եզրակացություններն ու դատավճիռները։
«Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի»,- ասել է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ ՄԻՊ-ին։
Իշխանյանը հիշեցրել է, որ դեռ մայիսի 6-ին հեռակա կարգով մի շարք հարցերով դիմել էր ՀՀ ՄԻՊ-ին, սակայն որևէ արդյունք չկա։ Նա նշել է, որ ՄԻՊ-ը կարող էր ստանալ Բաքվում ընթացող գործերով դատական փաստաթղթերը, ծանոթանալ դրանց և փոխանցել ընտանիքներին։
Իշխանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարություններին, թե «Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները պահպանվում են, իսկ նրանց հետ անցկացվում են հանդիպումներ՝ գաղտնիության ապահովմամբ»։ Իշխանյանը հաստատել է, որ երեք տարվա ընթացքում Ալիևան երեք անգամ հանդիպել է իրենց, վերջին անգամ՝ մայիսի 5-ին, սակայն պնդել է, որ այդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնված խնդիրները չեն լուծվել։
Նրա խոսքով՝ մայիսի 5-ին Ալիևային խնդրել է Բաքվի ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճռի ադրբեջաներեն և հայերեն տարբերակները փոխանցել իր ընտանիքին՝ պաշտպանի կամ ՀՀ ՄԻՊ-ի միջոցով։ Իշխանյանը պնդել է, որ չորս ամիս անց փաստաթղթերը դեռ չեն տրամադրվել ո՛չ ընտանիքին, ո՛չ պաշտպաններին։
«Պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում։ Իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք էլ փորձում ենք մեր ձեռքի տակ եղածը փոխանցել, չեն թույլատրում, ուղղակի խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է նա։
Իշխանյանի խոսքով՝ հրապարակված չէ նաև Բաքվի ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճիռը։ Նա նշել է, որ իրենց չի տրամադրվել նաև Բաքվի վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 6-ի որոշումը։ Բացի այդ, ըստ նրա, 2025 թվականի օգոստոսից իրենք չեն կարողանում լիազորագիր տրամադրել Հայաստանում գտնվող վստահված անձանց՝ իրենց շահերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս պաշտպանելու համար։
Արցախի ԱԺ նախագահը ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանից պահանջել Բաքվում պահվող հայերի մեղադրական ակտերը, եզրակացություններն ու դատավճիռները և ուսումնասիրել՝ դրանցում Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդի իրավունքներին վերաբերող ինչ ձևակերպումներ կան։
«Մի կասկածեք, այս դատավարությունը Ադրբեջանի դատական համակարգի համար վերածվել է կատարյալ ֆիասկոյի»,- հայտարարել է Իշխանյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ անձնագիր ունեցող 19 հայ։
«Իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատվի խնդիրն է։ Առավել ևս՝ ձեր ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք։ Օրինակ վերցրեք օտարներից»,- դիմել է նա ՀՀ իշխանություններին։
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 19 հայ գերի կա, նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Կարդացեք նաև՝
Այս դատը 15 մարդու դեմ չէ, այլ հայ ժողովրդի և հայոց պետականության․ Իշխանյանը՝ ՄԻՊ-ին
