Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել պետական սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ. լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
«Ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովի նիստերն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը», – նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, և Ադրբեջանում և Հայաստանում ընդունվել և հաստատվել են հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր։