Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հեռանկարները (PAN.am)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։

DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրային և լոգիստիկ ընկերություն է, որը գործունեություն է ծավալում նավահանգիստների կառավարման, բեռնափոխադրումների, պահեստավորման և լոգիստիկ ծառայությունների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են DP World-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցություն հաստատելու հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքերի ամրապնդմանը։

Կողմերն անդրադարձել են նաև Գյումրու «չոր նավահանգիստ» նախագծում DP World-ի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպում է ունեցել Bluemart խոշոր առևտրային ցանցի ղեկավարության հետ։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Bluemart-ի հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։

Leave a Comment