Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկում տեղի ունեցած ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ վթարից տուժած չորս անչափահասները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից և Առողջապահության նախարարությունից։
Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 21։45-ի սահմաններում բախվել են 34-ամյա Ռոման Ա.-ի վարած «ՎԱԶ 2121»-ը և 35-ամյա Անի Ս.-ի վարած Volkswagen Tiguan-ը։ Վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնցից չորսն անչափահասներ են։
ՔԿ-ից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Armenia Today-ին հայտնել է, որ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածները, այդ թվում՝ անչափահասները, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել։
