ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը տնային կալանքից ազատ է արձակվել – armeniatoday.am

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։

Մինասյանը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրն է։

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում։

Գալստյանի փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Նախնական դատալսումները կշարունակվեն, դատարանը կքննարկի նաև ապացույցների հետազոտման կարգը։

Մինասյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա քաղաքացու ընդունելություը ԵՊՀ ապահովելու համար նրա ազգականից սկզբում պահանջել է 5000, ապա՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք։

Մինասյանն այն 70 պատմաբանների թվում էր, որոնք «անպտուղ» էին անվանել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները և հայտարարել, որ հրաժարվում են հարցի հետագա քննարկումից։

Leave a Comment