««Հրապարակ» օրաթերթի 2023թ․ հոկտեմբերի 31-ի մի հրապարակման մեջ նշված է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և նրա քույրը՝ Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն իրենց հանգիստն են անցկացնում Դուբայում․․․ Դա տեղի է ունեցել 2023թ․ հոկտեմբերի վերջին, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր․ ուզում եմ իմանալ՝ դուք որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և հանրային ծառայողի ի՞նչ գիտակցում եք ունեցել այդ օրերին ձեր հանգիստն անցկացնելով»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին դիմելով ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ծովինար Վարդանյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր էդգար Ղազարյանը։
«Չգիտեմ՝ ինչ ա եղել «Հրապարակ» օրաթերթում, բայց երբ այդ հարցերը տալիս եք՝ ձեր քաղաքական առաջնորդից հարցրեք գեներատորների մասին, որոնք տեղադրված են եղել Քելբաջարի տարածքում, որոնք հետո այդտեղից հանվել են, ներկայացվել որպես կորուստ և պետական աջակցություն ստացել»,- արձագանքեց Ծովինար Վարդանյանը։
***
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը։ «Ձեր խմբակցության պատգամավորները հաճախ են ԱԺ-ում տարբեր պատգամավորների կամ նրանց ծնողների մասին խոսելուց հիշատակում նրանց՝ մինչև 2018թ․ զբաղեցրած պաշտոնները՝ դա ներկայացնելով որպես բացասական դրսևորում։ Տիկին Վարդանյանի լուսահոգի հայրը (Գևորգ Վարդանյան-խմբ․) 1993թ․ զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, 1995-98թթ․ պաշտպանության նախարարի տեղակալի, 1998-2000թթ. բնապահպանության նախարարի։ Այդ հանգամանքը ձեր խմբակցության ընդհանուր արժեհամակարհգային տեսանկյունից կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ՝ թեկնածուի առաջադրման իմաստով»,- հարցրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Ըստ երևույթին ընդդիմադիրները չեն հասկացել, որ ոչ թե պաշտոնն է խնդիր, այլ պաշտոնը սեփական շահի համար օգտագործելու, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու փաստը»,- արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։