
Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ, կան պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ Ավինյանի՝ Աջափնյակի մետրոյի ծրագրում «առաջընթաց կա»:
«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որի ինժեներները կիրականացնեն տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո կընտրվի մետրոյի շինարարությունն իրականացնող ընկերությունը։
«Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք»,- նշեց Ավինյանը։
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը հաստատեց, որ ռուսական ընկերությունները դիտարկվում են, բայց թե որ ընկերությունը կընտրվի՝ «դա ցույց կտա կյանքը»։