Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հումանիտար նախաձեռնության ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են սպառնալիքներ տարածել, որ Ադրբեջան այցելելու դեպքում նրան կարող են ձերբակալել, հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Հայրապետյանը սա որակել է որպես Զոնաբենդի հնարավոր այցը և ամուսնու հետ տեսակցությունը կանխելու սպառնալիք։ Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է նաև սահմանափակել հայ գերիների թեմայի շուրջ քննարկումները։
Ըստ նրա՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Զոնաբենդին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում՝ 2022 թվականին Արցախ այցելելու համար։
«Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,- մեջբերել է Հայրապետյանը ադրբեջանական հրապարակումը։
Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա խնդրել էր աջակցել այցի կազմակերպմանը և պատվիրակության անդամների անվտանգության ապահովմանը։
Զոնաբենդը սեպտեմբերի 8-ին դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։
