Բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման մասին օրինագիծը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում և կարող է իշխանություններին քաղաքացիների նկատմամբ «տոտալ վերահսկողության» գործիքներ տալ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրված Ղահրամանյանը հայտնել է, որ օգտագործելու է իրեն հասանելի խորհրդարանական լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար։
«Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, այլ պետք է լինի «պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը»։
Ղահրամանյանը, մասնավորապես, անդրադարձել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնք վերաբերում են բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցմանը և վերահսկմանը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, սարքի IMEI կոդը և օգտագործվող բոլոր SIM/eSIM քարտերը։
«Սա փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- հայտարարել է Ղահրամանյանը։
Պատգամավորը քննադատել է նաև նախագծի՝ ստվերային տնտեսության դեմ պայքարով հիմնավորումը։ Նրա խոսքով՝ իշխանություններն ընտրել են մի մոտեցում, որը կիրառվում է ոչ թե ժողովրդավարական եվրոպական երկրներում, այլ, մասնավորապես, Թուրքիայում, Ադրբեջանում, Պակիստանում և Նեպալում։
Ղահրամանյանը հայտարարել է, որ անկախ նրանից, թե որ հանձնաժողով կուղարկվի նախագիծը, հետևելու է դրա քննարկումների ընթացքին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։
Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը ուժի մեջ կմտնի 2027 թվականից։
Իշխանությունները նախաձեռնությունը հիմնավորել էին մաքսանենգության դեմ պայքարով և շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
Փորձագետներն ու իրավապաշտպանները նախազգուշացրել էին թվային վերահսկողության և անձնական կյանքին անհամաչափ միջամտության ռիսկերի մասին։
Նախաձեռնության շուրջ քննադատությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 21-րդ դարում քաղաքացիները «ոչ մի գաղտնիք չունեն»։
Կարդացեք նաև՝
«Մեզ վերահսկելու են» և «սա անվտանգ է». երևանցիները գնահատել են IMEI կոդերի գրանցումը
