Թուրքիան և Ադրբեջանը Անկարայում համագործակցության հուշագիր են ստորագրել՝ սփյուռքի ոլորտում համատեղ աշխատանքն ընդլայնելու նպատակով, հայտնում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը և Թուրքիայի Արտերկրում բնակվող թուրքերի և ազգակից համայնքների վարչության (YTB) ղեկավար Աբդուլհադի Թուրուսը՝ Անկարայում անցկացվող Մուսուլմանական սփյուռքների առաջին համաժողովի շրջանակում։
Հուշագիրը նախատեսում է երկու կառույցների միջև տեղեկատվության և փորձի փոխանակում, պատվիրակությունների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի, հանդիպումների և համաժողովների կազմակերպում։
Մուրադովը փաստաթուղթն անվանել է «նորացված» և նշել, որ այն հիմք կստեղծի նոր համատեղ նախագծերի համար։ Նախատեսվում է նաև զարգացնել արտերկրում գործող ադրբեջանական և թուրքական սփյուռքային կառույցների միջև կապերը։
Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցները սփյուռքի ոլորտում համագործակցության նախորդ հուշագիրը ստորագրել էին 2018 թվականին Անկարայում։
Մուսուլմանական սփյուռքների առաջին համաժողովը մեկնարկել է Անկարայում սեպտեմբերի 8-ին։ Այն միավորում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների՝ սփյուռքի հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներին։
