Թուրքիայի Էլազըղ քաղաքում հայկական գերեզմանատունը պետական պահպանության տակ է անցել

Թուրքիայի Էլազըղ քաղաքի Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը գրանցվել է որպես պետական պահպանության ենթակա անշարժ մշակութային արժեք, հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։

Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ՝ գերեզմանատունը դասվել է առաջին խմբի պահպանության ենթակա անշարժ մշակութային արժեքների շարքին։

Որոշումը կարտացոլվի նաև անշարժ գույքի գրանցամատյանում։ Գերեզմանատան և դրա պահպանության տարածքում հողամասերի բաժանման կամ միավորման, կառուցապատման և այլ շինարարական աշխատանքների համար այսուհետ անհրաժեշտ կլինի տարածաշրջանային խորհրդի թույլտվությունը։

Գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը ևս ներառվել է պահպանության գոտում։

Գործընթացին նախորդել էր Էլազըղի հայ համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ի դիմումը։

Leave a Comment