Սեպտեմբերի 10-ից Հայաստանում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ տաքացում, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հիշեցրել է, որ Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցման պատճառով վերջին երկու օրերին հանրապետության տարածքում գրանցվել է ջերմաստիճանի զգալի նվազում։ Օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է ավելի քան 4 աստիճանով։
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ սեպտեմբերի 10-ից հարավային արևադարձային լայնություններից, Հայաստանի տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում, ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32․․․+34 աստիճանի, նշել է Սուրենյանը։
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
