Կրթական աղետ Հայաստանում․ 10 աշակերտից միայն մեկն է հաղթահարել բոլոր բազային շեմերը. միջազգային հետազոտության արդյունքները

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է դպրոցականների գիտելիքներն ու հմտությունները գնահատող PISA միջազգային հետազոտությանը։ Արդյունքները պարզապես ցածր վարկանիշ չեն ցույց տալիս։ Դրանք վկայում են, որ հայկական դպրոցը սովորողների մեծ մասին չի տալիս գիտելիքը գործնական իրավիճակներում կիրառելու նույնիսկ բազային հմտություններ։

PISA-ն չի ստուգում, թե աշակերտը որքան լավ է անգիր արել դասագիրքը։ Այն գնահատում է՝ արդյոք 15-ամյա սովորողը կարողանում է հասկանալ տեքստը, վերլուծել տվյալները, տրամաբանել, տարբերակել հավաստի տեղեկությունը և լուծել իրական կյանքին մոտ խնդիրներ։ 2025 թվականի հետազոտությանը մասնակցել է ավելի քան 760 հազար սովորող՝ 91 երկրից ու կրթական համակարգից։ OECD-ի ամբողջական զեկույցը հրապարակվել է 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։

Կրթություն՝ վճարովի եւ անվճար — Aliq Media Armenia

Հայաստանը՝ OECD-ի միջինից շատ ցածր

Հայաստանի արդյունքները երեք հիմնական ոլորտներում այսպիսին են․

  • բնագիտական գրագիտություն՝ 369 միավոր, OECD-ի միջինը՝ 482,
  • ընթերցանություն՝ 348 միավոր, OECD-ի միջինը՝ 461,
  • մաթեմատիկա՝ 376 միավոր, OECD-ի միջինը՝ 463։

Այսպիսով՝ տարբերությունը կազմում է 113 միավոր բնագիտությունից, 113՝ ընթերցանությունից և 87՝ մաթեմատիկայից։

Հայաստանը վերջին դիրքերին մոտ է նաև միջազգային դասակարգման մեջ։ Հաշվի առնելով վիճակագրական անորոշությունը՝ OECD-ն Հայաստանին տալիս է 77-83-րդ տեղերի միջակայքը բնագիտությունից և ընթերցանությունից, 67-75-րդը՝ մաթեմատիկայից։ Հաշվողական խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի արդյունքը 354 միավոր է՝ OECD-ի 500-ի դիմաց, իսկ տեղը՝ 81-84-րդ միջակայքում։

Հարավային Կովկասում Հայաստանը երեք հիմնական ուղղություններով էլ վերջինն է։ Վրաստանի միավորներն են 422, 384 և 416, Ադրբեջանի՝ 409, 374 և 422՝ համապատասխանաբար բնագիտությունից, ընթերցանությունից և մաթեմատիկայից։ Թվերը ներկայացված են OECD-ի հիմնական զեկույցում։

Չորս աշակերտից երեքը չեն հասնում նվազագույն մակարդակին

PISA-ի երկրորդ մակարդակը գերազանց արդյունք չէ։ Սա բազային շեմն է, որը ցույց է տալիս՝ կարո՞ղ է սովորողը ծանոթ իրավիճակում հասկանալ պարզ տեղեկությունը, մեկնաբանել տվյալը և կիրառել հիմնական գիտելիքը։

Հայաստանում այդ շեմից ցածր են․

  • սովորողների 71.5%-ը՝ բնագիտությունից,
  • 81%-ը՝ ընթերցանությունից,
  • 71.5%-ը՝ մաթեմատիկայից,
  • 71.9%-ը՝ հաշվողական խնդիրների լուծումից։

Հատկապես մտահոգիչ է ընթերցանությունը։ 15-ամյա սովորողների միայն մոտ 19%-ն է հաղթահարել նույնիսկ բազային շեմը։ Սա չի նշանակում, թե մնացած 81%-ը տառաճանաչ չէ։ Դա նշանակում է, որ նրանք դժվարանում են տեքստից անհրաժեշտ տեղեկություն հանել, կապեր տեսնել և կարդացածը կիրառել PISA-ի պահանջած մակարդակով։

Սովորողների 58.1%-ը նվազագույն շեմից ցածր է միաժամանակ բնագիտությունից, ընթերցանությունից և մաթեմատիկայից։ OECD-ի միջինը 19.7% է։ Միայն 10.1%-ն է հաղթահարել բազային շեմը բոլոր երեք առարկաներից։

Բարձր արդյունք ունեցող սովորողները ևս չափազանց քիչ են։ Հայաստանում ընդամենը 0.8%-ն է բարձր մակարդակի հասել երեք ոլորտներից գոնե մեկում՝ OECD-ի 11.9%-ի դիմաց։ Երեք ոլորտներում միաժամանակ բարձր արդյունք ցուցաբերածների բաժինը գործնականում զրո է։ Մանրամասն հաշվարկները ներկայացված են OECD-ի վիճակագրական հավելվածում։

Կարևոր՝ բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար

Հավասարություն՝ ցածր արդյունքների շուրջ

Առաջին հայացքից Հայաստանը համեմատաբար հավասար կրթական համակարգ ունի։ Սոցիալ-տնտեսական կարգավիճակը բացատրում է բնագիտության արդյունքների տարբերության միայն 4.3%-ը՝ OECD-ի 11.6%-ի դիմաց։ Առավել և նվազ ապահովված խմբերի տարբերությունը Հայաստանում 39 միավոր է, մինչդեռ OECD-ում՝ 85։

Սակայն սա հիմնականում բարձր մակարդակի շուրջ հավասարություն չէ։ Հայաստանի ամենաապահովված քառորդի բնագիտական միջին արդյունքը 402 միավոր է, մինչդեռ երկրորդ մակարդակի շեմը մոտ 410 միավոր է։ Այսինքն՝ նույնիսկ առավել բարենպաստ պայմաններում ապրող խմբի միջին ցուցանիշը չի հասնում PISA-ի բազային մակարդակին։ Խնդիրը միայն աղքատությունը կամ առանձին վատ դպրոցները չեն․ ցածր արդյունքները տարածված են ամբողջ համակարգում։ Սոցիալ-տնտեսական տարբերությունների տվյալները՝ OECD-ի հավելվածում։

Բուհերի և ընդունելության քննությունների 25-ամյա դինամիկան

Դպրոցից բացակայության վտանգավոր չափերը

Զեկույցի ամենաանհանգստացնող տվյալներից մեկը հաճախումների մասին է։ Հայաստանի սովորողների 72.1%-ը հայտնել է, որ PISA-ի քննությանը նախորդող երկու շաբաթում բաց է թողել առնվազն մեկ դաս կամ մեկ ամբողջ ուսումնական օր։ OECD-ի միջինը 33.9% է։

Ավելին՝ Հայաստանի սովորողների 58.5%-ը հայտնել է առնվազն մեկ ամբողջ օր բացակայելու մասին՝ OECD-ի 22.4%-ի դիմաց։

Սրանք սովորողների ինքնագնահատման տվյալներ են և ինքնուրույն չեն ապացուցում ցածր արդյունքների պատճառը։ Այնուամենայնիվ, OECD-ն գրեթե բոլոր երկրներում բացակայությունների և ցածր առաջադիմության միջև բացասական կապ է արձանագրել՝ նույնիսկ սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելուց հետո։
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է.  վերջնաժամկետը մայիսի 10-ն է | Factor.TV

Նյութերի և թվային պատրաստվածության պակաս

Հայաստանցի սովորողների 49.3%-ը սովորում է դպրոցներում, որոնց տնօրենները նշել են, որ ուսումնական նյութերի պակասը խոչընդոտում է դասավանդմանը։ OECD-ի համապատասխան ցուցանիշը 27.1% է։

Դպրոցների թվային պատրաստվածության ցուցիչը Հայաստանում -0.63 է՝ OECD-ի -0.03 միջինի դիմաց։ Սովորողների մոտ կեսը՝ 49.1%-ը, արդեն շաբաթական առնվազն մեկ անգամ արհեստական բանականություն է օգտագործում սովորելու համար, բայց ընդամենը 47.3%-ն է հաճախում դպրոց, որտեղ առանձին առարկաների համար թվային սարքերի օգտագործման պաշտոնական ուղեցույց կա։

Միաժամանակ հայաստանցի սովորողները համեմատաբար բարձր են գնահատել ուսուցիչների աջակցությունն ու դասարանային կարգապահությունը։ Սա նշանակում է, որ խնդիրը պարզապես «վատ ուսուցիչների» վրա բարդելը տվյալներով չի հիմնավորվում։ Աջակցող միջավայրը դեռ չի վերածվում չափելի կրթական արդյունքի։ Դպրոցական միջավայրի մանրամասն ցուցանիշները հրապարակել է OECD-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment