ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է 35 իրավաբանական անձանց և մեկ եգիպտացու: Համապատասխան ծանուցումը տեղադրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում։

Տվյալների համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են օդային տրանսպորտի ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների: Ընկերությունները գտնվում են Իրանում, ԱՄԷ-ում, Մեծ Բրիտանիայում, Մալայզիայում, Թուրքիայում և Ղազախստանում: ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է պատժամիջոցների հիմնավորումը՝ Իրանի ավիացիոն ոլորտի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, որը, ենթադրաբար, նպաստում է «զենքի, զինվորական անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխմանը»՝ Իրանի զինված ուժերի անունից։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը մինչև սեպտեմբերի 23-ը թույլատրում է իրականացնել պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների հետ կապված ֆինանսական գործարքները դադարեցնելու համար անհրաժեշտ գործողությունները: Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունները չեղյալ են հայտարարել այն լիցենզիան, որը նախկինում թույլատրում էր ԱՄՆ-ում արտադրված ինքնաթիռների ժամանակավոր ներկայությունը Իրանում, ինչպես նաև պահեստամասերի և վերանորոգման տեխնոլոգիաների ներմուծումը Իսլամական Հանրապետություն:

Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կտրուկ խստացնում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը՝ նպատակ ունենալով ամբողջությամբ արգելափակել Թեհրանի եկամուտների աղբյուրները: Նախարարը պնդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի երկրորդական պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը կհրաժարվի հետևել Իրանի դեմ նոր սահմանափակող միջոցառումներին: 

Leave a Comment