Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը որպես COP17-ի նախագահող՝ մասնակցել է երկխոսության բացման լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի նախագահության տեսլականն ու մոտեցումները Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման վերաբերյալ։
Միջոցառումը նվիրված է Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նախապատրաստմանը։
Երկխոսությունը համախմբել է Կոնվենցիայի Կողմերի, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, ակադեմիական, մասնավոր և ֆինանսական հատվածների ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։
Երկխոսության արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք COP17-ին և կարևոր հիմք կծառայեն Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայման շուրջ հետագա քննարկումների և որոշումների համար։