Բյուրեղավանից հոսպիտալացված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱՆ

Բյուրեղավանից Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված՝ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ ունեցող պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա, և առաջիկայում նրանց լավացումով դուրս կգրեն, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ բժշկական կենտրոն այցելությունից հետո։

Ախտանշանների առաջացման պատճառը դեռևս պարզված չէ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ջրի և կենսանմուշների նմուշառում է իրականացրել, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են։ Հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն ամենաուշը սեպտեմբերի 10-ին, Armenia Today-ին հայտնել են ՀՎԿԱԿ-ից։

Գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմինը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Մինչև հետազոտությունների արդյունքների ստացումը Ավանեսյանը բնակիչներին հորդորել է կենցաղային նպատակներով օգտագործվող ջուրը եռացնել։

Սեպտեմբերին Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էր դիմել վեց քաղաքացի։ Դրանից հետո ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և չօգտագործել այն սննդի պատրաստման համար։

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։ Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։

Leave a Comment