Քոչարյանի շուրջ դիմադրությո՞ւն, թե՞ «ապօրինի գույքի» պաշտպանության ճակատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քոչարյանի շուրջ դիմադրությո՞ւն, թե՞ «ապօրինի գույքի» պաշտպանության ճակատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի երկրորդ նախագահի գլխավորած դաշինքում վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իրենց ձևավորելիք դիմադրությունը կոտրելու համար էր․ «Նիկոլ Փաշինյանն ուզում է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքով»։

Սակայն իշխանությունները չեն հավատում, որ Քոչարյանի շուրջ կարող է լայն շարժում ձևավորվել։ Ավելին, ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պնդում է՝ եթե Քոչարյանի շուրջ իսկապես շարժում էլ ձևավորվի, դրա իրական օրակարգը կարող է բոլորովին այլ լինել․

«Նախ, էդ դիմադրությունը ո՞վ պետք ա ղեկավարեր․ Ռոբերտ Քոչարյա՞նը՝ էն մինչև քոքը մաշված։ Ուղղակի ծիծաղելի է էս հայտարարությունը։ Իրենք մի բանի համար կարող են դիմադրության շարժում ձևավորել․ դա ապօրինի գույքի բռնագանձման դեմ շարժումն է»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի շուրջ հնարավոր դիմադրության հիմնական շահագրգիռ կողմը ոչ թե հասարակությունն է, այլ նախկին համակարգի այն ներկայացուցիչները, որոնց համար ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը դարձել է իրական վտանգ։

Բայց այստեղ մեկ այլ հակասություն էլ կա։ Քոչարյանի քաղաքական թիմը քննադատում է իշխանության արտաքին քաղաքականությունը, մինչդեռ նրա որդին եվրոինտեգրման ուղղությամբ գործունեություն է ծավալում՝ ընդգրկվելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Ասուլիսի ժամանակ էլ Լևոն Քոչարյանն ասում էր, որ խմբակցությունը դիմել է ԵՄ երկրների դեսպանատներին, բայց արձագանք չկա։

Հասմիկ Հակոբյանը հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի հայտնի արտահայտությունը, երբ, 2004թ. խոսելով հայաստանյան քաղաքական իրադարձությունների մասին Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի հայտարարության վերաբերյալ, այն համեմատել էր «քաղբյուրոյի» հետ․

«Եվրախորհուրդը դիտեք որպես նախկին политбюро, որտեղ որոշում էին կայացնում և պարտադրում էին»,- ասել էր Քոչարյանը։

«Էս մարդկանց երկերեսանությունն ամեն քաղաքականության մեջ է արտահայտվում․ երբ պետք է, Եվրամիությունը պոլիտբյուրո է, երբ պետք է՝ լավագույն տեղն է, որտեղ կարելի է դիմել»։

Հակոբյանի համար սա քաղաքական երկակի ստանդարտի օրինակ է։ Նրա պնդմամբ՝ քաղաքականությունը նախկինում շատերի համար նաև պաշտպանիչ վահան է եղել, պետական պաշտոնը՝ բիզնեսն սպասարկելու, իսկ քաղաքական ազդեցությունը՝ պատասխանատվությունից խուսափելու միջոց․

«Հիմա շատ ծիծաղելի կլինի, եթե որևէ մեկը հավատա, որ, օրինակ, Գագիկ Խաչատրյանը, որպես պաշտոնյա, իր աշխատավարձի համար է եղել այդ պաշտոնին։ Դա նրա համար էլի ապավեն է եղել և իր բիզնեսները սպասարկելու հնարավորություն»։

Ու հենց այս համատեքստում իշխանությունը Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարը գնահատում է առավել քան սառնասրտորեն՝ պնդելով, որ նրա քաղաքական ռեսուրսն արդեն սպառված է․

«Որևէ բան չկարողացավ անել և չի կարող անել։ Նրա երգը վաղուց է երգված։ Անգամ, երբ Սերժ Սարգսյանն էր նրան փոխարինում, էլի մարդիկ ասում էին՝ գոնե սա գնաց, սրանից վատ չի կարող լինել»։

Ըստ Հակոբյանի՝ խորհրդարանական ընդդիմությունն ի զորու չէ որևէ բան անել․

«Ի՞նչ դիմադրություն, ի՞նչ հեղափոխություն, ի՞նչի մասին է խոսքը․ իրենք էլ գիտեն, որ ի զորու չեն ինչ-որ բան անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment