Երևանում աղբի վերամշակման գործարանի նախագծման, կառուցման և շահագործման համար անցկացված երկփուլ մրցույթի հաղթող է ճանաչվել հայ-չինա-արաբական կոնսորցիումը։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը հայտնել է, որ մրցույթի հաղթողն արդեն ընտրվել է։
Հայկազյանի խոսքով՝ կոնսորցիումը պետք է ներդրում կատարի սեփական միջոցներով, իսկ Երևանը նրան կհանձնի մայրաքաղաքում գոյացող աղբի ամբողջ ծավալը։
Ավինյանը պարզաբանել է, որ կոնսորցիումի կազմում ընդգրկված են հայկական, չինական և արաբական ընկերություններ։ Քաղաքապետարանն այժմ կոնսորցիումի հետ բանակցում է աշխատանքների ծավալի շուրջ, ինչպես նաև նախապատրաստում է կառուցապատման պայմանագիրն ու մյուս անհրաժեշտ համաձայնագրերը։
«Նախկինում այս գործընթացում հաջողություն չենք ունեցել։ Այն շարունակում է բարդ գործընթաց մնալ, բայց հասել ենք կարևոր կետի և արդեն ունենք մեր պահանջներին համապատասխանող կոնսորցիում»,- հայտարարել է Ավինյանը։
2025 թվականի հոկտեմբերին Ավինյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանը մշակել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը։ Նրա խոսքով՝ գործարանի կառուցումը պետք է դառնա Նուբարաշենի աղբավայրի խնդրի համակարգային լուծումը։
